Ողբ ժողովրդի դստեր մասին ԱլեֆԱլեֆ 1 Ինչպե՜ս խավարեցրեց Տերը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկությամբ, Իսրայելի փառքը երկնքից երկիր նետեց և չհիշեց իր ոտքերի պատվանդանը։ Իր ցասման ու բարկության օրը ԲեթԲեթ 2 Տերն անխնա խորտակեց Հակոբի տան գեղեցկությունը, քանդեց ու չխնայեց, Հուդայի դստեր ամրոցները գետնին հավասարեցրեց, անարգեց նրանց իշխաններին ու թագավորներին։ ԳիմելԳիմել 3 Տերն իր ցասման ու բարկության օրը փշրեց Իսրայելի բոլոր եղջյուրները և նրան հետ շպրտեց իր թշնամիների առաջ։ Կրակը պատեց Հակոբին, լափեց ու ոչնչացրեց ամեն բան, ինչ կար նրա շուրջը։ ԴալեթԴալեթ 4 Նրա գիրկը մտավ իբրև թշնամի, իր աջը հաստատեց նրա վրա և սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկությունը կրակի պես թափեց նրա վրա։ ՀեյՀեյ 5 Տերը, իբրև թշնամի, կործանեց Իսրայելը, կործանեց նրա թագավորին, կործանեց նրա բոլոր ամրոցները և Հուդայի դստեր տառապանքներին տառապանքներ ավելացրեց։ ՎավՎավ 6 Այգու պես հատեց նրա վրանները, վերացրեց նրա տարեկան տոները. Տերը մոռացության տվեց տարեկան այն տոներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկության պահին մռնչալիս տագնապի մատնեց թագավորներին, իշխաններին ու քահանաներին։ ԶայնԶայն 7 Տերը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբությունները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան մեջ թշնամիները աղմկեցին ու գոչեցին, ինչպես նրա տարեկան տոների օրերին։ ԽեթԽեթ 8 Սիոնի դստեր պարիսպն ընկավ ու կործանվեց. չափալարը քաշեցին և բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, և բոլոր պարիսպները ցնցվեցին ու կործանվեցին։ ՏեթՏեթ 9 Նրա դռները տապալեցին, խորտակեցին նրա նիգերը։ Նրանց թագավորներն ու իշխանները հեթանոսների մեջ էին. օրենք ու մարգարեներ չկային, չկային և նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից։ ՅոդՅոդ 10 Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։ ԿաֆԿաֆ 11 Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լույսը խավարեց, որովայնս տակնուվրա եղավ, փառքս հողին հավասարվեց, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։ ԼամեդԼամեդ 12 Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մեջ ընկած ու ցրված՝ մեռնում, իրենց հոգիներն էին ավանդում։ ՄեմՄեմ 13 Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղեմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛ւյս աղջիկ. ծանրացավ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանա բժշկել քեզ։ ՆունՆուն 14 Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։ ՍամեխՍամեխ 15 Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։ ՊեՊե 16 Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրա, սուլում էին և կրճտում իրենց ատամները՝ ասելով. «Եկեք կո՛ւլ տանք սրան. չէ՞ որ սա այն օրն է, որին սպասում էինք. ահավասիկ տեսանք, գտանք ու հասանք նրան»։ ԱյնԱյն 17 Տերն ինչ խոսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատվիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրա ծիծաղել տվեց և բարձրացրեց քեզ նեղողների եղջյուրը։ ՑադեՑադե 18 Նրանց սրտերը պիտի աղաղակեն դեպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պես արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛ դադարիր, աչքդ արտասուքից թող հանգիստ չառնի։ ՔոֆՔոֆ 19 Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։ ՌեշՌեշ 20 Տե՛ս, ո՛վ Տեր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպես ճռաքաղ արեցիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արեցիր, ներս տարար, տվեցիր խոհարարներին, որ ներսում՝ Տիրոջ սրբարանի մեջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարեին։ ՇինՇին 21 Ծերն ու տղան միասին վախճանվեցին ճանապարհների գլխին, կույսն ու երիտասարդը քշվեցին գերության. քո բարկության օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր։ ՏավՏավ 22 Պանդխտությանս օրը, ինչպես տարեկան տոներին, հրավիրեցիր, որ նրանք իմ շուրջը հավաքվեն, բայց ոչ ոք չգտնվեց, որ Տիրոջ ցասման ու բարկության ժամին փրկված կամ կենդանի մնացած լիներ, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia