Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԱՌԱԿՆԵՐ 7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ԱՌԱԿՆԵՐ 7

Ճառ Ժ

1 Որդյա՛կ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահի՛ր քո մեջ։

Որդյա՛կ, պատվի՛ր Տիրոջը ու զորացի՛ր, և բացի նրանից ուրիշ ոչ մեկից մի՛ երկնչիր։

2 Որդյա՛կ, պահի՛ր իմ պատվիրանները և կապրես, նաև իմ խոսքերը, ինչպես աչքի բիբը։

3 Կապի՛ր նրանք քո մատներին և գրի՛ր սրտիդ ամբողջ երկայնքով։

4 Ասա՛ իմաստությանը քեզ քույր լինի, և հանճարը քեզ մտերի՛մ դարձրու,

5 որպեսզի քեզ պաշտպանեն օտար և չար կնոջից, երբ խոսքերի պատրանքներով նա քեզ հրապուրի։

6 Իր տան պատուհանից աչքը հառած հրապարակին՝

7 նայում է անմիտ պատանիներին և ընտրում մի երիտասարդի,

8 որ անցում է հրապարակով, նրա տան անկյան մոտով։

9 Երբ իջնում է երեկոյան խավարը, երբ մտնում է գիշերը, և դադարում շարժումը,

10 այդ կինը ընդառաջ է ելնում նրան պոռնկի կերպարանքով,

11 որ խելքահան անի հրայրքով ու պագշոտությամբ։ Նա տանը չի մնում,

12 թափառում է մերթ դրսում, մերթ դարանակալ լինում հրապարակի անկյուններում։

13 Ապա տենչանքով համբուրում է մեկին և լրբենի տեսքով ասում նրան.

14 «Ես խաղաղության ուխտ էի արել, այսօր աղոթքս կատարեցի,

15 դրա համար ընդառաջ ելա քեզ. ցանկացա երեսդ տեսնել, և ահա գտա քեզ։

16 Գահավորակս պատել եմ ծածկոցներով, եգիպտական պաստառներով զարդարել,

17 անկողինս կրոկոս ծաղիկով պատրաստել, և բնակարանս կինամոնով խնկել։

18 Արի՛ մինչև առավոտ սիրով վայելենք և ցանկությանը տրվենք.

19 քանի որ ամուսինս տանը չէ, այլ հեռու ճանապարհ է գնացել,

20 փողի քսակն իր ձեռքն է առել և շատ օրեր անց թերևս տուն գա»։

21 Եվ մոլորեցնելով նրան բազում խոսքերով, խեղդող շուրթերով գայթակղելով նրան,

22 և նա հիմարացած գնալով կնոջ հետևից, ինչպես արջառը՝ կառափնարան, կամ ինչպես շունը՝ թոկը վզին,

23 կամ ինչպես եղջերուն՝ լյարդից նետահարված, և թռչնի նման շտապում է դեպի ծուղակը ու չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։

24 Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և անսա՛ իմ բերանի խոսքերին։

25 Մի՛ շեղիր սիրտդ դեպի նրա ճանապարհները և մի՛ մոլորվիր նրա շավիղներում,

26 որովհետև շատերին խոցոտելով՝ տապալել է, և բազում են նրա կողմից սպանվածները։

27 Նրա տունը դժոխքի ճանապարհներ են, որոնք իջեցնում են մահվան շտեմարանները։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia