Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։
Բայց ես միշտ պիտի սպասեմ և քո բոլոր փառաբանությունների վրա փառաբանություն ավելացնեմ։
բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։
Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ,
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և խռովված ես ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։
Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ, որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։
Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։ Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։ Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։
Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։
Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։
և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝
Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» (Ծնն. 15.5բ)։
սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը,
Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։
Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։
Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։
Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։
Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ հույսը իմ մանկությունից։ Ես իմ մոր արգանդից հենվեցի քեզ վրա. դու ես իմ պահապանը իմ մոր որովայնից. իմ օրհնությունը միշտ քեզ համար է։
որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը, և որքա՛ն գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն իր զորավոր ուժի ներգործության։
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
Բոլոր քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները։
Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիր այս ամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև բարի է քո սրբերի առջև։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։ Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։
Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։ Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար, քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։
Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագա կա, և հույսդ չի կտրվի։
Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։
Որովհետև հենց դրա համար ենք տքնում և պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծու վրա, որ բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների Փրկիչն է։
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և մեր Աստվածն ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով, թող նա մխիթարի ձեր սրտերը և հաստատի ձեզ ամեն բարի գործի ու խոսքի մեջ։
Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
Եվ հիմա ինչի՞ սպասեմ, ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է։ Փրկի՛ր ինձ իմ բոլոր անօրենություններից. հիմարի նախատինք մի՛ դարձրու ինձ։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։
Իսկ Քրիստոսը իբրև որդի է նրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։
Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։
Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։
այն հույսի համար, որ ձեզ համար պահվում է երկնքում, որի մասին նախապես լսեցիք Ավետարանի ճշմարիտ խոսքով,
Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։ Դու ես շատացնում իմ մեծությունը և դարձյալ մխիթարում ես ինձ։
Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։
Եվ այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել. նա՛ փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ,
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։ Թեկուզ նրա արմատը հողում ծերացած լինի, ու նրա բունը՝ փոշու մեջ մեռած, Ջրի հոտից էլ դարձյալ կծաղկի և նոր տնկվածի պես ճյուղեր կարձակի։
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։
Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։
Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց։ Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։
Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել։ Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել։
Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։
Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։ Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։
որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։
Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։ Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։ Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։
Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։
Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։ Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ. պատմեցի քո ճշմարտությունն ու փրկությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ բազմության առաջ։ Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից քո գթությունը. քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ։ Որովհետև անթիվ չարիքներ են պատել ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, և ես չեմ կարող տեսնել. դրանք իմ գլխի մազերից ավելի շատ են, և իմ սիրտը լքեց ինձ։ Տե՛ր, բարեհաճի՛ր ինձ փրկել. Տե՛ր, փութա՛ օգնելու ինձ։ Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ անձը կորցնել փնտրողները. թող ետ դառնան և խայտառակ լինեն ինձ չար կամեցողները։ Իրենց ամոթի պատճառով թող զարհուրեն նրանք, որոնք ինձ ասում են. «Վա՜հ, վա՜հ...» Թող քեզնով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ. քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր»։ Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգ է տանում ինձ համար. դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր։ Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։
Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։ Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։
Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։
Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե. որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։ Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։
քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։
Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։
Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։
Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։
Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։
Հնուց լսված չէ և իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել այլ աստված, քեզնից բացի, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։
Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։
Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։
Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։
Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։ Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։ Ո՛վ Զորությունների Տեր, երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։
Որովհետև դուք ուրախությամբ դուրս կգաք և խաղաղությամբ կառաջնորդվեք. լեռներն ու բլուրները ցնծությամբ պիտի պոռթկան ձեր առաջ, և դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի տան։ Փշաթփի փոխարեն եղևնի պիտի բուսնի, եղինջի փոխարեն՝ մրտենի. և դա պիտի լինի Տիրոջ անվան համար՝ իբրև հավիտենական նշան, որը չի ջնջվելու։
Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։
Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։ Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։
Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։
Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին. Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։ Ինչպես երկիրն է աճեցնում իր շիվը, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր մեջ սերմանվածը, այնպես էլ Տեր Աստված արդարություն ու գովաբանություն է բուսցնելու բոլոր ազգերի առաջ։ հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու, Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։
Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։
Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։
այլ ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» (Ես. 64.4)։
Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա, որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։
Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։
Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի. Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու։ Նրան ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են նայելու, ոչ թե ուրիշինը։ Երիկամներս իմ ներսում հալվում են։
Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։ Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես, Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։
Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։ Նրանց երկիրը գորտեր դուրս հանեց, մինչև իսկ թագավորի ներքին սենյակների մեջ։ Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։ Անձրևի փոխարեն կարկուտ տվեց նրանց, և կրակի բոց՝ նրանց երկրի մեջ։ Զարկեց նրանց որթատունկերն ու թզենիները և փշրեց նրանց սահմանների ծառերը։ Ասաց, և մորեխ ու թրթուր եկան, որոնց թիվ չկար, Եվ նրանց երկրում կերան ամբողջ խոտը և նրանց արտերի պտուղը կերան։ Եվ հարվածեց նրանց երկրի բոլոր անդրանիկներին՝ նրանց զորության բոլոր առաջնեկներին։ Նրանց հանեց արծաթով և ոսկով, և նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար։ Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։ Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա։ Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։
Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։
Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։ Ցո՛ւյց տուր քո մեծ սերը, դու, որ քո աջով փրկում ես քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։
Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։
Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։
«Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։ Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։ Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։ Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։ Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։ Լսեցիք, որ ձեզ ասացի. "Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ"։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. "Հոր մոտ եմ գնում", որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։ Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։ Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։
Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։ Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։ Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։ Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։ Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։ Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։
այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։
Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» (Սաղ. 44.22)։ Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։
Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ, մեր Փրկիչ Աստծու և Հիսուս Քրիստոսի՝ մեր հույսի հրամանով
Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։
Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։
Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։
Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։
Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։
Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։
Որովհետև Աստծու այդքան խոստումները նրա մեջ իրենց «այո»-ն գտան. դրա համար էլ նրանով է «Ամեն»-ը, որ ասում ենք Աստծու փառքի համար։
Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։