ԵՍԱՅԻ 45:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը, Աստված, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգավորեց այն. զուր տեղը չարարեց այն, այլ ստեղծեց բնակության համար. «Ես եմ Տերը, ուրիշը չկա։ |
Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։
Ո՞վ երկինք բարձրացավ և իջավ, ո՞վ քամին հավաքեց իր բռերի մեջ, ջուրն ո՞վ ծրարեց իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի բոլոր ծայրերը, ի՞նչ է նրա անունը, և նրա որդու անունը եթե գիտես, ասա՛։
Այսպես է ասում Աստված՝ Տերը, որ արարեց երկինքն ու տարածեց այն, որ ընդարձակեց երկիրն ու ինչ որ նրանից դուրս է գալիս, որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին և հոգի՝ նրա վրա քայլողներին.
Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը՝ դեռ արգանդից քեզ կազմողը. «Ես եմ Տերը, արարել եմ ամեն բան, ես միայնակ տարածել եմ երկինքը, ես ինքս ընդարձակել եմ երկիրը.
Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. իմ ձեռքերն են տարածել երկինքը, և ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին։
Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը. երբ կանչեմ նրանց, միասին կկանգնեն»։
Դու մոռանում ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածեց երկինքն ու հաստատեց երկրի հիմքերը. դու միշտ և ամեն օր վախենում ես բռնավորի զայրույթից, որը պատրաստվում է ոչնչացնելու. բայց ո՞ւր է բռնավորի զայրույթը։
Նա է իր զորությամբ կերտել երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։
Նա է երկիրն իր զորությամբ շինողը, աշխարհն իր իմաստությամբ հաստատողը, իր հանճարով երկինքը տարածողը.