Աստված՝ մեր Պաշտպանը1 Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ 2 Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։ 3 Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։ 4 Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։ 5 Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, 6 Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։ 7 Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։ 8 Միայն քո աչքերով կնայես և կտեսնես ամբարիշտների հատուցումը։ 9 Որովհետև դու Տիրոջը՝ իմ ապավենին, Բարձրյալին, քեզ ապաստան դարձրիր։ 10 Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։ 11 Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ 12 Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ 13 Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ 14 Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ 15 Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ 16 Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia