Գովաբանություն և շնորհակալությունԵրգողների գլխավորին։ Դավթի սաղմոս. երգ։ 1 Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։ 2 Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։ 3 Երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։ 4 Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։ 5 Զարհուրելի գործերով ես պատասխանում մեզ՝ արդարացում տալով, ո՛վ մեր փրկության Աստված, դու, որ երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես, 6 Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված, 7 Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը, 8 Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։ 9 Դու հոգ ես տանում երկրին և ջուր ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն. Աստծու գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում մարդկանց համար, որովհետև այսպես ես պատրաստում այն։ 10 Դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկացնում ես այն և օրհնում նրանից բուսածը։ 11 Դու տարին պսակում ես քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում։ 12 Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։ 13 Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia