Շնորհակալության աղոթքԴավթի սաղմոս։ Տան նավակատիքի երգ։ 1 Ես փառաբանում եմ քեզ, ո՜վ Տեր, որ ազատեցիր ինձ և իմ թշնամիներին չթողեցիր, որ ուրախանան ինձ վրա։ 2 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ։ 3 Տե՛ր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից և փոսն իջնողների միջից ինձ կենդանի պահեցիր։ 4 Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով, 5 Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։ 6 Իմ հաջողության մեջ ես ասացի. «Իմ տեղից չպիտի սասանվեմ հավիտյան»։ 7 Տե՛ր, քո բարեհաճությամբ հաստատուն դարձրիր իմ սարը, բայց երբ թաքցրիր երեսդ, ես խռովքի մատնվեցի։ 8 Տե՛ր, քեզ եմ աղաղակում, Տիրոջն եմ աղաչում։ 9 Ի՞նչ օգուտ կա իմ արյունից, եթե ես ընկնեմ գուբը. մի՞թե հողը պիտի փառաբանի քեզ և պատմի քո ճշմարտությունը։ 10 Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. Տե՛ր, օգնակա՛ն եղիր ինձ։ 11 Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ։ 12 Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia