ՍԱՂՄՈՍՆԵՐ 29 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՏիրոջ ձայնը փոթորիկի մեջ Դավթի սաղմոս։ 1 Տվե՛ք Տիրոջը, ո՛վ Աստծու որդիներ, տվե՛ք Տիրոջը փառք և զորություն։ 2 Տվե՛ք Տիրոջը իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով։ 3 Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։ 4 Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։ 5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, և Տերը փշրում է Լիբանանի մայրիները։ 6 Եվ նա Լիբանանը վեր-վեր վազել է տալիս հորթի նման և Սարիոնը՝ վայրի ցուլի հորթի պես։ 7 Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։ 8 Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տերը դողացնում է Կադեսի անապատը։ 9 Տիրոջ ձայնը ծնել է տալիս եղնիկներին և մերկացնում է ծմակները, և ամեն մեկը նրա տաճարում նրա փառքն է հռչակում։ 10 Տերն իշխում է ջրհեղեղի վրա, և Տերը թագավորելու է հավիտյան։ 11 Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը խաղաղությամբ կօրհնի իր ժողովրդին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia