Միակ ճշմարիտ Աստվածը1 Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։ 2 Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։ 3 Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։ 4 Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր. 5 Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, 6 Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում, 7 Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։ 8 Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։ 9 Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։ 10 Ո՛վ Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։ 11 Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։ 12 Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։ 13 Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։ 14 Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։ 15 Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ 16 Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։ 17 Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները, 18 Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia