1 Դպրապետին՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին 2 Աստված մեր ապավենն է և զորությունը Եվ օգնականը խիստ նեղությունների մեջ։ 3 Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։ 4 Շաչեցին և խռովվեցին ծովերի ջրերը, Եվ նրա զորությունից լեռները սասանվեցին։ Հանգիստ 5 Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։ 6 Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի, Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։ 7 Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։ 8 Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։ 9 Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը, Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա. 10 Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։ 11 Փութացե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված. Պիտի բարձրանամ հեթանոսների մեջ Եվ երկրի երեսին։ 12 Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia