Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


Մատթեոս 28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Մատթեոս 28

Հիսուսի հարությունը
( Մրկ. 16.1-10 , Ղուկ. 24.1-12 , Հովհ. 20.1-10 )

1 Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։

2 Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։

3 Նրա տեսքը կայծակի նման էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։

4 Նրա ահից պահապաններն այլայլվեցին և մեռելի պես դարձան։

5 Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։

6 Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։

7 Եվ անմիջապես գնացե՛ք, ասե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ»։

8 Կանայք, վախով ու մեծ ուրախությամբ գերեզմանից իսկույն դուրս ելնելով, վազեցին աշակերտներին պատմելու։

Հիսուսը երևում է յուղաբեր կանանց
( Մրկ. 16.9-14 , Ղուկ. 24.13-49 , Հովհ. 20.11–21.24 )

9 Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։

10 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացե՛ք, ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա եմ գնում, և այնտեղ ինձ կտեսնեն»։

11 Երբ նրանք գնացին, զինվորներից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։

12 Նրանք էլ, ծերերի հետ միասին հավաքվելով, խորհրդակցեցին, առատ արծաթ դրամ տվեցին զինվորներին

13 և ասացին. «Կասեք, թե մինչ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան, գողացան նրան։

14 Եվ եթե այս լուրը կառավարչի ականջին հասնի, մենք նրա սիրտը կշահենք և ձեզ հոգսից կազատենք»։

15 Զինվորները, արծաթ դրամները վերցնելով, արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը մինչ օրս տարածված է հրեաների մեջ։

Հիսուսի վերջին պատգամը
( Մրկ. 16.15-18 )

16 Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։

17 Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսանք ունեցան։

18 Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։

19 Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։

20 Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia