1 Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։ 2 Ամեն մարդ իր աչքին արդար է թվում, բայց Տերն է ուղղում սրտերը։ 3 Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։ 4 Խստասիրտ մարդը մեծամիտ է իր թշնամանքի մեջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։ 5 Կարճ խորհուրդը կարող է առատություն բերել, իսկ փութկոտությունը՝ կարոտություն։ 6 Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։ 7 Ամբարիշտները պիտի կործանվեն, քանզի չեն ուզում կատարել իրավունքները։ 8 Խոտորնակին խոտոր ճանապարհ է տալիս Աստված, քանզի սուրբ և ուղիղ են Տիրոջ գործերը։ 9 Լավ է օդի ներքո մի անկյունում բնակվել, քան անիրավությամբ ծեփված և խառնակ տան մեջ։ 10 Ամբարիշտի հոգին չարիքներ է ցանկանում, և ողորմություն չի գտնի ոչ մեկից։ 11 Անխրատի պատժից անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունը խոհեմությամբ ընդունում է գիտությունը։ 12 Արդարը մտաբերում է ամբարիշտների սիրտը, և չարիքներն ապականում են ամբարիշտներին։ 13 Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։ 14 Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։ 15 Արդարների ուրախությունը իրավունքի գործադրումն է, և սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։ 16 Արդարության ճանապարհից շեղված մարդը դևերի ժողովում է տեղ գտնում։ 17 Ուրախություն սիրողը կարիքի մեջ կընկնի, ով գինի ու ձեթ է սիրում, կհարստանա։ 18 Արդարի համար անօրենը փրկանք պիտի լինի, ուղղամիտների համար՝ երդմնադրուժը։ 19 Լավ է բնակվել անապատում, քան բարկացող, լեզվանի և անզգամ կնոջ հետ։ 20 Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։ 21 Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։ 22 Իմաստությունը հասավ ամուր քաղաքների վրա, քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։ 23 Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից։ 24 Խիստը, հանդուգնը և հպարտը ժանտ են կոչվում, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։ 25 Ցանկությունները սպանում են վատին, քանզի նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան գործելու։ 26 Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկության է տենչում, իսկ արդարը ողորմում է և տալիս առանց խնայելու։ 27 Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։ 28 Սուտ վկան պիտի կործանվի. հեզ մարդը զգուշությամբ է խոսում։ 29 Ամբարիշտ մարդը հանդգնությամբ դեմ է ելնում, իսկ արդարը ինքնին գիտի իր ճանապարհը։ 30 Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։ 31 Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվան, բայց Տիրոջից է հաղթանակը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia