Արտաշես թագավորի խնջույքը1 Այս բաներից հետո Արտաշեսի [𝕸 Ախաշվերոշ] թագավորության օրոք (Արտաշեսն իշխում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ երկրների վրա)՝ 2 Սիսիս [𝕸 Շուշան=Շոշ=Սուզ] քաղաքում իր գահը հաստատելու օրը, 3 իր թագավորության երրորդ տարում Արտաշես արքան խնջույքի հրավիրեց իր սիրելիներին, Պարսկաստանի, Մարաստանի և մյուս ազգերի մեծամեծներին, նախարարությունների բոլոր իշխաններին։ 4 Եվ հարյուր ութսուն օր ցույց տվեց իր թագավորության մեծությունն ու իր հարստության հրճվալից փառքը։ 5 Երբ ավարտվեցին խնջույքի օրերը, հրամայեց այս անգամ վեցօրյա [𝕸 յոթնօրյա] խնջույքի կանչել իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան գավթում, 6 որը զարդարված էր բեհեզներով ու կերպասներով, որոնք ծիրանե և բեհեզյա պարաններով կարգավորված ու կապված էին ոսկե խոյակներին և թանկագին սյուների ու ոսկեղեն խարիսխների վրայի ծիրանիներին, այստեղ կային նաև ոսկե և արծաթե բազմաթիվ գահույքներ՝ ընդելուզված մարգարիտներով և պատվական քարերով, պատված գույնզգույն նկարազարդ պաստառներով և պատվական հանդերձներով, դրված վարդահատակ գավթում։ 7 Այնտեղ կային թագավորի ոսկե և արծաթե գավաթներն ու բաժակները, որոնք երեք բյուր քանքար արժեին, և առատ գինի, որից արքան ինքն էր ըմպում։ 8 Իսկ խնջույքը եղավ ոչ ընդունված կարգով, որովհետև թագավորն այդպես էր կամեցել ու հրամայել իր սպասավորներին։ 9 Իսկ թագավորի կին Ասթինեն [𝕸 Վաշտի] կանանց կոչունքի հրավիրեց Արտաշես թագավորի ապարանքում։ Ասթինե թագուհու շնորհազրկումը10 Յոթերորդ օրը թագավորը, զվարթացած լինելով, հրամայեց իր յոթ ներքինի պաշտոնյաներին՝ Ամովնին, Բազանին, Թառային, Բուրազեին, Զաթոլթային, Աբատազային և Թառաբբային՝ 11 կնոջն արքունիք կանչել՝ նրան թագավորեցնելու և բոլոր իշխաններին ու ներկաներին նրա գեղեցկությունը ցույց տալու համար, քանի որ շատ գեղեցիկ էր։ 12 Սակայն Ասթինեն չհնազադվեց նրան և ներքինիների հետ չգնաց թագավորի մոտ։ Թագավորը տրտմեց ու շատ բարկացավ 13 և Ասթինեի արարքը պատմեց իր սիրելիներին. «Արդ,- ասաց թագավորը,- օրենքի համաձայն դատաստա՛ն տեսեք»։ 14 Թագավորի առաջ եկան պարսից և մարաց իշխաններ Արքինսեոսը, Առնաթևը և Մալիսեարը, որոնք նրա մերձավորներն ու աթոռակիցներն էին, 15 և հիշեցրին, թե ըստ օրենքի ինչպե՛ս պետք է վարվել թագավորի կնոջ՝ Ասթինեի հետ, որը չկատարեց ներքինիների միջոցով իրեն տրված արքայական հրամանը։ 16 Մուքեն ասաց արքային ու իշխաններին. «Ասթինե տիկնանց տիկինը ոչ միայն արքային ընդդիմացավ, այլ նաև արքայի բոլոր իշխաններին ու կուսակալներին։ 17 Այսպես նաև պարսից և մարաց իշխանների բոլոր կանայք անհնազանդ կդառնան, 18 երբ լսեն թագավորի կնոջ այս արհամարհանքի մասին, և կհամարձակվեն անարգել իրենց ամուսիններին։ 19 Արդ, եթե արքան կամենա և նրան հաճելի լինի, թող նա այլևս չմտնի արքայի մոտ և թող նրա տիկնությունը տրվի մի կնոջ, որ նրանից լավն է։ 20 Երբ քո թագավորության մեջ լսվի քո արձակած այդ օրենքը, կանայք՝ աղքատից մինչև մեծամեծ, մեծ պատվով կհարգեն իրենց տղամարդկանց»։ 21 Այդ խորհուրդը հաճելի թվաց արքային ու նրա բոլոր իշխաններին, և թագավորը կատարեց Մուքեի թելադրանքը։ 22 Կանանց վերաբերյալ այդ հրամանը տարածեց իր ողջ թագավորության մեջ՝ բոլոր գավառներում։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia