Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 16

Արքայական հրովարտակը

1 Այն օրը թագավորը Եսթերին նվիրեց քսու Համանի ունեցվածքը։ Իսկ Մուրթքեն հրավիրվեց թագավորի մոտ, քանի որ Եսթերը նրան պատմել էր, որ իր ազգականն է։

2 Թագավորը վերցրեց այն մատանին, որ հանել էր Համանի ձեռքից, և տվեց Մուրթքեին։ Իսկ Եսթերը Մուրթքեին վերակացու կարգեց Համանի ամբողջ ունեցվածքի վրա։

3 Այնուհետև Եսթերը կրկին խոսեց թագավորի հետ, ընկավ նրա ոտքերը և աղաչեց, որ չիրագործվի այն պատուհասը, որ Համանը ծրագրել էր հրեաների համար։

4 Արքան ոսկե գավազանը երկարեց Եսթերին, և Եսթերը վեր կացավ՝ գնալու արքայի սենյակը։

5 Եսթերն ասաց. «Եթե կամենում ես, և շնորհ եմ գտել քո առաջ, սուրհանդակնե՛ր ուղարկիր, արքա՛, և անվավե՛ր համարիր այն հրովարտակները, որոնք գրվեցին Համանի կողմից՝ քո թագավորության մեջ եղող հրեաներին ոչնչացնելու համար։

6 Ես ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ժողովրդի չարչարանքը, ինչպե՞ս կարող եմ միայն ես փրկվել իմ հայրենի երկրի բնակիչներից»։

7 Թագավորը Եսթերին ասաց. «Արդ, Համանի ողջ ունեցվածքը քեզ շնորհեցի և նրան կախեցի այն բանի համար, որ ձեռք բարձրացրեց հրեաների վրա. ուրիշ էլ ի՞նչ ես ցանկանում։

8 Արդ, գրի՛ր դու իմ խոսքով ու հրամանով, ինչպես ցանկանում ես, և կնքի՛ր իմ մատանիով. ինչ որ գրես, իմ արքայական հրամանը կլինի, որպեսզի ոչ ոք այդ հրամաններին չընդդիմանա»։

9 Եվ նույն տարվա առաջին՝ Նիսան (այսինքն՝ Արեգ) ամսվա քսաներեքին կանչեցին դպիրներին, և ինչպես որ հրամայված էր, հրովարտակներ գրվեցին տեղական կառավարիչներին, բոլոր նահանգների իշխաններին ու կուսակալներին, նախարարներին ու սատրապներին՝ Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ կուսակալներին, յուրաքանչյուր երկրին՝ իր լեզվով։

10 Գրվեցին թագավորի հրամանով և կնքվեցին նրա մատանիով։ Հրովարտակներն ուղարկեցին սուրհանդակների ձեռքով,

11 որպեսզի հրեաները ողջ և անարատ մնան իրենց օրենքներով բոլոր քաղաքներում, օգնական ու թիկունք լինեն միմյանց՝ հատուցելու իրենց թշնամիներին, ինչպես որ կամենան,

12 մեկ օրվա ընթացքում՝ Ադար ամսի տասներեքին, ողջ թագավորության մեջ։ Սա է թագավորի մատանիով կնքված հրովարտակի պատճենը.

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia