Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Համանի մահապատիժը

1 Թագավորն ու Համանը գնացին տիկնոջ գինարբուքին։

2 Եվ երկրորդ օրը, մինչ գինի էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պատահել քեզ, Եսթե՛ր տիկին, ի՞նչ է քո խնդրանքն ու աղաչանքը. թող թագավորությանս կեսը քեզ լինի»։

3 Եսթերը պատասխանեց և ասաց. «Եթե քո առաջ շնորհ գտա, արքա՛, թող իմ խնդրանքին մի անձ տրվի, և թող իմ աղաչանքի խոսքերն ընդունելի լինեն։

4 Ես և իմ ժողովուրդը, մենք և մեր որդիները մատնվեցինք կորստյան, ստրկության և հափշտակության, սակայն ես չհավատացի։ Արդ, բանսարկու մարդն արժանի չէ թագավորի տանը լինելու»։

5 Թագավորն ասաց. «Ո՞վ է նա, որ համարձակվեց այդ բանն անել»։

6 Իսկ Եսթերն ասաց. «Այդ թշնամի մարդը Համանն է, որը չար մարդ է, նա արեց»։ Իսկ Համանն ահաբեկվեց ու խիստ վախեցավ արքայից և տիկնոջից։

7 Թագավորը վեր կացավ ճաշից և մտավ արքունի ծաղկանոցը, իսկ Համանը ցանկանում էր ներողություն խնդրել տիկնոջից, որովհետև մեծ երկյուղի մեջ էր։

8 Երբ թագավորը վերադարձավ ծաղկանոցից, տեսավ, որ Համանը, ընկած տիկնոջ գահույքի առաջ, նրան աղաչում էր իր փրկության համար։ Թագավորն ասաց. «Արդ, այդ աստիճանի հասար, որ ցանկանում ես իմ տան մեջ իմ կնո՞ջը բռնաբարել»։ Համանը երբ լսեց, վախեցած ու ամոթահար ընկավ երեսի վրա։

9 Իսկ ներքինիներից մեկը՝ Բուգաթան, հայտնեց արքային. «Ահա Համանը հիսուն կանգուն երկարությամբ մի փայտ է պատրաստել Մուրթքեի՝ արքայի սիրելիի համար և կանգնեցրել է իր բակում»։ Թագավորն ասաց. «Թող կախվի նրա վրա»։

10 Եվ Համանին կախեցին այն փայտից, որ պատրաստել էր Մուրթքեի համար։ Դրանից հետո թագավորի բարկությունն իջավ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ