Դանիելի տեսիլքը խոյի և քոշի մասին1 «Բաղդասար արքայի թագավորության երրորդ տարում ինձ տեսիլք երևաց, ինձ՝ Դանիելիս, առաջին տեսիլքից հետո։ 2 Շոշ ապարանքում էի, որ Էլամի երկրում է, և կանգնել էի Ուբաղի վրա։ 3 Բարձրացրի աչքերս և տեսա. ահա մի խոյ կար Ուբաղի դիմաց. նրա եղջյուրները բարձր էին, բայց մեկն ավելի բարձր էր, քան մյուսները, և այն, որ բարձր էր, հետո էր ելնում։ 4 Տեսնում էի, որ խոյը եղջյուրներով կռվում էր ծովի, հյուսիսի և հարավի դեմ, և ոչ մի գազան չկար նրա առաջ, և չկար մեկը, որ ազատվեր նրա ձեռքից, և անում էր ըստ իր կամքի և մեծանում էր։ 5 Ես մտածում էի։ Եվ ահա մի այծերի քոշ էր գալիս արևմուտքից երկրի վրայով, բայց երկրին չէր մոտենում. քոշը մի եղջյուր ուներ իր աչքերի միջև։ 6 Եվ հասավ մինչև եղջյուրավոր խոյը, որ տեսնում էի, որ կար Ուբաղի դիմաց, և իր ուժի զորությամբ նրա վրա հարձակվեց։ 7 Եվ տեսնում էի նրան, որ հասավ մինչև խոյը. կատաղեց, հարվածեց խոյին և ոչնչացրեց նրա երկու եղջյուրները, իսկ խոյն ուժ չուներ նրա դեմն առնելու։ Գցեց նրան գետնին և իր ոտքերի կոխան արեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր քոշի ձեռքից։ 8 Ապա այծերի քոշը խիստ մեծությամբ հզորացավ, և նրա հզորանալու ժամանակ խորտակվեց նրա մեծ եղջյուրը, և դրա տակից չորս այլ եղջյուրներ ելան երկնքի չորս հողմերի դեմ։ 9 Դրանցից մեկից ելավ մի հզոր եղջյուր և առավել հզորացավ հյուսիսի դեմ, 10 ապա զորություն առավ ու բարձրացավ մինչև երկնքի զորությունները և երկիր գցեց երկնքի զորքերից և աստղերից և կոխոտեց դրանք, 11 մինչև զորավարը գերիներին փրկի։ Նրա պատճառով զոհաբերությունները խանգարվեցին, և այնպես եղավ, որ հաջողվեց նրան. սրբարանը պիտի ավերվի։ 12 Մեղքեր տրվեցին զոհաբերությունների համար, իսկ արդարությունն ընկավ երկիր և գործեց ու հաջողվեց։ 13 Ես մի սուրբից լսեցի, որ խոսում էր, և մի սուրբ ասում էր Փելմոնին, որ խոսում էր. «Այդ տեսիլքը մինչև ե՞րբ պիտի մնա. վերացած զոհաբերություններ, ավերածության տրված մեղքեր. սրբարանն ու զորությունն էլ պիտի կոխոտվեն»։ 14 Եվ ասաց նրան. «Մինչև երեկո և վաղորդայն, հազար երկու հարյուր վաթսունութ օրեր, և սրբարանը կսրբվի»։ Երկրորդ տեսիլքի մեկնությունը15 «Այնպես եղավ, որ երբ ես՝ Դանիելս, տեսա տեսիլքը և փնտրում էի խելամուտ լինել, ահա իմ առջև կանգնեց մեկը՝ մարդու տեսքի նման, 16 և մարդու ձայն լսեցի Ուբաղի միջից և կանչեց ու ասաց. «Գաբրիե՛լ, դրան իմացրո՛ւ այդ տեսիլքը»։ 17 Եվ նա եկավ կանգնեց այնտեղ, որտեղ ես էի կանգնած։ Նրա գալու ժամանակ ես ցնորվեցի և ընկա երեսիս վրա։ Եվ ասաց ինձ. «Իմացի՛ր, մարդո՛ւ որդի, որ այդ տեսիլքը դեռևս վախճանի ժամանակների համար է»։ 18 Եվ մինչ նա խոսում էր ինձ հետ, ցնորվեցի և երեսիս վրա գետին ընկա, բայց ձեռքը գցեց ինձանից ու ոտքերիս վրա կանգնեցրեց 19 և ասաց ինձ. «Ահա ես քեզ ցույց կտամ այն, ինչ որ վերջում լինելու է երկրի վրա, քանի որ վախճանը դեռևս ժամանակների համար է։ 20 Եղջյուրավոր այն խոյը, որ տեսնում էիր, պարսիկների և մարերի թագավորն է, 21 իսկ այծերի քոշը հույների թագավորն է. այն մեծ եղջյուրը, որ նրա աչքերի միջև էր, նույն ինքն առաջին թագավորն է։ 22 Երբ նա, որի ներքո այլ եղջյուրներ կային, խորտակվի, նրա ազգից չորս թագավորներ կելնեն, բայց ոչ իրենց զորությամբ։ 23 Նրանց թագավորությունից հետո և նրանց մեղքերի ավարտին ժպիրհ երեսով մի թագավոր կբարձրանա՝ առակներից հասկացող։ 24 Հզոր է նրա զորությունը, և սքանչելի բաները կոչնչացնի, կհաջողվի և գործի կանցնի. կկործանի հզորներին և սուրբ ժողովրդին։ 25 Նրա ճնշման լուծը հաջողություն կգտնի, և նենգությունը՝ նրա ձեռքում. կմեծամտանա իր սրտում, նենգությամբ շատերի կվերացնի, կորստյան կմատնի շատերի և ինչպես ձու կփշրի ձեռքում։ 26 Երեկոյի և առավոտվա տեսիլքը, որ ասվեց, ճշմարիտ է, և դու կնքի՛ր այդ տեսիլքը, որովհետև բազում օրերի համար է»։ 27 Եվ ես՝ Դանիելս, ննջեցի և հիվանդացա, ապա ելա և արքունի գործը կատարեցի և զարմացել էի այդ տեսիլքի վրա, և չկար մեկը, որ հասկացներ»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia