Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԴԱՆԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ 8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Դանիելի տեսիլքը չորս գազանների մասին

1 Քաղդեացիների Բաղդասար արքայի առաջին տարում Դանիելը երազ տեսավ, և նրա գլխի տեսիլքը նրա անկողնում էր, և գրեց երազը։

2 «Ես՝ Դանիելս, տեսնում էի գիշերվա տեսիլքում, և ահա երկնքի չորս հողմերը բախում էին մեծ ծովը։

3 Այն ծովից ելնում էին չորս մեծ գազաններ՝ միմյանցից այլակերպ։

4 Առաջինը նման էր թևավոր մատակ առյուծի, և նրա թևերն արծվի թևերի նման էին. նայում էի, մինչև նրա թևերը թափվեցին, և ջնջվեց երկրից, ապա մարդու պես կանգնեց ոտքերի վրա, և մարդու սիրտ տրվեց նրան։

5 Իսկ ահա երկրորդ գազանը նման էր արջի. մի կողմ կանգնեց, և երեք կողեր կային նրա բերանում՝ նրա ժանիքների մեջ։ Այսպես էին ասում նրան. «Ելի՛ր, կե՛ր շատերի մարմինները»։

6 Դրանից հետո նայում էի. ահա մի այլ գազան՝ ընձի նման. թռչնի չորս թևեր և գազանի չորս գլուխներ կային նրա վրա, և իշխանություն տրվեց նրան։

7 Եվ դրանից հետո նայում էի. ահա չորրորդ գազանը՝ ահեղ, զարմանալի և առավել հզոր, և նրա ժանիքները երկաթյա էին. ուտում ու մանրում էր և մնացորդները ոտքով կոտրատում։ Սա առավել այլակերպ էր, քան բոլոր գազանները, որ նրանից առաջ էին, և տասը եղջյուրներ կային նրա վրա։

8 Ապշահար նայում էի նրա եղջյուրներին, և ահա ուրիշ փոքրիկ եղջյուր էր ելնում դրանց միջից, իսկ նախկիններից երեք եղջյուրներ արմատախիլ էին արվում նրա երեսից. և ահա մարդու աչքերի պես աչքեր այդ եղջյուրի վրա և բերան, որ մեծամեծ բաներ էր խոսում։


Դատաստանի տեսարանը

9 Տեսնում էի, մինչև աթոռներ էին ընկնում, և Հինավուրցն էր նստում. նրա հագուստը սպիտակ էր ձյան պես, և նրա գլխի մազերը՝ ինչպես մաքուր բուրդը, նրա աթոռը կրակի բոցի էր նման, իսկ նրա անիվները՝ բորբոքված կրակի պես։

10 Նրա առաջից կրակե գետ էր հորդելով ելնում. հազար-հազարավորներ պաշտում էին նրան, և բյուր-բյուրավորներ կային նրա առաջ։ Նա ատյան նստեց, և գրքերը բացվեցին։

11 Այն ժամանակ տեսնում էի այն մեծամեծ խոսքերի ձայնի պատճառով, որ այն եղջյուրն էր խոսում, մինչև որ գազանը վերցվեց ու կորստյան մատնվեց, և նրա մարմինը տրվեց կրակի այրմանը։

12 Մյուս գազանների իշխանությունը փոփոխվեց, և կյանքի երկարություն տրվեց նրանց մինչև ինչ-որ ժամանակ։

13 Տեսնում էի գիշերվա տեսիլքի մեջ, և ահա Մարդու Որդու նման մեկը երկնքի ամպերի հետ գալիս և հասնում էր մինչև Հինավուրցը և մոտեցվեց նրա առաջ։

14 Նրան տրվեցին իշխանություն, պատիվ և արքայություն, և բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները նրան պիտի ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնում, և նրա թագավորությունը չի եղծվի։


Առաջին տեսիլքի մեկնությունը

15 Իմ մարմինը սոսկաց իմ անձի մեջ. ինձ՝ Դանիելիս, խռովեցրեց իմ գլխի տեսիլքը։

16 Եվ մոտեցա այնտեղ կանգնածներից մեկին և խնդրում էի ճշմարտությունը սովորել այն ամենի մասին, և ինձ ասաց ճշմարտությունը և այն բաների մեկնությունն ինձ հայտնեց։

17 Այն մեծամեծ գազանները. չորս թագավորություններ կբարձրանան երկրի վրա։

18 Կվերանան, և Բարձրյալի սրբերը կվերցնեն թագավորությունը և կպահեն այն մինչև հավիտյանս հավիտենից։

19 Ճշմարտապես քննում էի չորրորդ գազանին, որովհետև առավել այլակերպ էր, քան բոլոր գազանները, որ նրանից առաջ էին, և սաստիկ ահավոր. նրա ժանիքները՝ երկաթե, և նրա մագիլները՝ պղնձե. ուտում ու մանրում էր և մնացորդները ոտքով կոտրատում։

20 Իսկ տասը եղջյուրների մասին, որ նրա գլխին կային, և այն մյուսի մասին, որ ելնում և այն երեքին արմատախիլ էր անում, որ աչքեր ուներ և բերան, որ մեծամեծ բաներ էր խոսում, նրա տեսքն առավել հզոր էր, քան մյուսներինը։

21 Տեսնում էի, և այն եղջյուրը պատերազմ էր տալիս սրբերի հետ և զորանում էր նրանց դեմ,

22 մինչև եկավ Հինավուրցը և իրավունք տվեց Բարձրյալի սրբերին. ժամանակը հասավ, և սրբերն արքայությունը վերցրին։

23 Եվ ասաց. «Չորրորդ գազանը. չորրորդ թագավորություն կելնի երկրի վրա, որ առավել հզոր կլինի, քան բոլոր թագավորությունները, և կուտի ողջ երկիրը, կկոխոտի և կհարվածի այն։

24 Նրա տասը եղջյուրները. տասը թագավորներ կբարձրանան, և նրանցից հետո կբարձրանա մեկ ուրիշը, որ չարիքներով առավել կլինի, քան բոլոր նախորդները, և կխոնարհեցնի երեք թագավորներին,

25 Բարձրյալի դեմ բաներ կխոսի և Բարձրյալի սրբերին կմոլորեցնի, կկարծի փոփոխել ժամանակներն ու օրենքները, և կտրվի նրա ձեռքը մինչև ինչ-որ ժամանակ, ժամանակներ և ժամանակների կեսը։

26 Ատյան կնստի, և նրա իշխանությունը կփոխեն՝ ոչնչացնելու և իսպառ կորստյան մատնելու։

27 Եվ թագավորների թագավորությունն ու մեծությունը, որ կան երկնքի ներքո, տրվեցին Բարձրյալի սրբերին. նրա արքայությունը հավիտենական արքայություն է, և բոլոր իշխանությունները նրան պիտի ծառայեն ու հնազանդվեն։

28 Մինչև այստեղ է խոսքիս վերջը։ Ինձ՝ Դանիելիս, իմ մտքերը շատ էին խռովեցնում, և իմ երեսի գույնը փոխվեց, և այս բանն իմ սրտում էի պահում»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ