ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Զայս իբրեւ ասաց Յիսուս, ել աշակերտօքն հանդերձ յայնկոյս ձորոյն Կեդրովնի, ուր էր պարտէզ, յոր եմուտ ինքն եւ աշակերտքն իւր։ 2 Գիտէր եւ Յուդա որ զնայն մատնելոց էր՝ զտեղին, զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ։ 3 Եւ Յուդայի առեալ ընդ իւր զգունդն, եւ ի քահանայապետիցն եւ ի փարիսեցւոց սպասաւորս, գայ անդր ջահիւք եւ լապտերօք եւ զինուք։ 4 Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ի վերայ նորա, ել եւ ասէ ցնոսա. Զո՞ խնդրէք։ 5 Պատասխանի ետուն նմա. ԶՅիսուս Նազովրեցի։ Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ։ Կայր ընդ նոսա եւ Յուդա որ մատնէրն զնա։ 6 Իբրեւ ասաց թէ՝ Ես եմ, յետս յետս չոգան եւ զարկան զգետնի։ 7 Դարձեալ եհարց զնոսա. Զո՞ խնդրէք։ Եւ նոքա ասեն. ԶՅիսուս Նազովրեցի։ 8 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ասացի ձեզ թէ՝ Ես եմ. արդ եթէ զիս խնդրէք, թոյլ տուք դոցա երթալ։ 9 Զի լցցի բանն զոր ասաց թէ՝ Զորս ետուրն ցիս՝ ոչ կորուսից ի նոցանէ եւ ոչ զոք։ 10 Իսկ Սիմովն Պետրոս քանզի ունէր սուր, ձգեաց զնա, եհար զքահանայապետին ծառայ, եւ ի բաց առ զունկն նորա զաջոյ. եւ էր անուն ծառային Մաղքոս։ 11 Ասէ Յիսուս ցՊետրոս. Արկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր. զբաժակն զոր ետ ինձ Հայր՝ ո՞չ ըմպիցեմ զնա։ 12 Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորք Հրէիցն կալան զՅիսուս եւ կապեցին. 13 եւ ածին զնա նախ առ Աննա, որ էր աներ Կայիափայի, որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ։ 14 Այս այն Կայիափա էր որ խրատն ետ Հրէից եթէ՝ Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն։ 15 Եւ երթային զհետ Յիսուսի Սիմովն Պետրոս եւ մեւս աշակերտն. եւ աշակերտն այն, քանզի ծանօթ էր քահանայապետին, եմուտ ընդ Յիսուսի ի գաւիթ քահանայապետին։ 16 Եւ Պետրոս կայր առ դրանն արտաքոյ. ել մեւս աշակերտն որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասաց ցդռնապանն եւ եմոյծ ի ներքս զՊետրոս։ 17 Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊետրոս. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց առնն այնորիկ իցես։ Եւ նա ասէ. Ոչ եմ։ 18 Կային անդ ծառայքն եւ սպասաւորք խարոյկ արկեալ, քանզի ցուրտ էր, եւ ջեռնուին. կայր ընդ նոսա եւ Պետրոս եւ ջեռնոյր։ 19 Եւ քահանայապետն եհարց ցՅիսուս վասն աշակերտացն եւ վասն վարդապետութեան նորա։ 20 Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես յայտնապէս խօսեցայ աշխարհի. ես յամենայն ժամ ուսուցի ի ժողովրդեանն, եւ ի տաճարի անդ ուր ամենայն Հրեայք ժողովեալ էին, եւ ի ծածուկ ինչ ոչ խօսեցայ։ 21 Զի՞ հարցանես զիս, հարց զայնոսիկ որ լուանն, թէ զինչ խօսեցայ ընդ նոսա. ահաւասիկ նոքա գիտեն զինչ խօսեցայ։ 22 Իբրեւ նա զայն ասաց, մի ոմն ի սպասաւորացն որ անդ կայր, ած ապտակ Յիսուսի եւ ասէ. Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ։ 23 Եւ Յիսուս ասէ ցնա. Եթէ չար ինչ խօսեցայ, վկայեա վասն չարին, իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս։ 24 Եւ առաքեաց զնա Աննա կապեալ առ Կայիափա քահանայապետ։ 25 Եւ Սիմովն Պետրոս կայր անդ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց անտի նորա իցես։ Նա ուրացաւ եւ ասէ թէ՝ Չեմ։ 26 Եւ ասէ մի ոմն ի ծառայից քահանայապետին, ազգական այնորիկ զորոյ զունկն եհատ Պետրոս. Ո՞չ ես իսկ տեսի զքեզ ի պարտիզի անդ ընդ նմա։ 27 Դարձեալ ուրացաւ Պետրոս, եւ վաղվաղակի հաւ խօսեցաւ։ 28 Եւ ածին զՅիսուս ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին, եւ էր այգուց. եւ նոքա ոչ մտին յապարանսն, զի մի՛ պղծեսցին, այլ զի ուտիցեն զզատիկն։ 29 Ել առ նոսա Պիղատոս արտաքս եւ ասէ. Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ։ 30 Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Եթէ չէր չարագործ այրն այն, ապա ոչ մատնէաք զնա քեզ։ 31 Ասէ ցնոսա Պիղատոս. Առէք զնա դուք, եւ ըստ ձերոց օրինացն դատեցարուք։ Ասեն ցնա Հրեայքն. Մեզ ոչ է արժան սպանանել զոք։ 32 Զի լցցի բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ թէ որով մահու մեռանելոց իցէ։ 33 Եմուտ միւսանգամ յապարանսն Պիղատոս, կոչեաց զՅիսուս եւ ասէ ցնա. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ 34 Պատասխանի ետ Յիսուս. Ի քէ՞ն ասես զայդ եթէ այլք ասացին քեզ զինէն։ 35 Պատասխանի ետ Պիղատոս. Միթէ եւ ես Հրեա՞յ իցեմ. ազգն քո եւ քահանայապետք մատնեցին զքեզ ինձ. զի՞նչ գործ գործեալ է քո։ 36 Պատասխանի ետ Յիսուս. Իմ արքայութիւն չէ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէին արդեւք զի մի՛ մատնեցայց Հրէից, բայց արդ թագաւորութիւնն իմ չէ աստի։ 37 Ասէ ցնա Պիղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՞ր ոմն ես դու։ Պատասխանի ետ Յիսուս. Դու ասես թէ թագաւոր իցեմ. բայց ես յայդ իսկ ծնեալ եմ, եւ ի դոյն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ի ճշմարտութենէ է՝ լսէ բարբառոյ իմոյ։ 38 Ասէ ցնա Պիղատոս. Զի՞նչ է ճշմարտութիւն։ Զայս իբրեւ ասաց, դարձեալ ել առ Հրեայսն եւ ասէ ցնոսա. Ես եւ ոչ մի ինչ պատճառս գտանեմ ի նմա։ 39 Բայց է ձեր սովորութիւն, զի զմի ոք արձակեցից ձեզ ի զատկիս. արդ կամի՞ք զի արձակեցից ձեզ զթագաւորն Հրէից։ 40 Աղաղակեցին ամենեքեան եւ ասէին. Մի՛ զդա, այլ զԲարաբբա։ Եւ էր Բարաբբայն այն աւազակ։ |