ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵԶԵԿԻԵԼԻ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ դու, որդի մարդոյ, ա՛ռ քեզ սուսեր յեսանասուր, սուր քան զսրբիչ՝՝ վարսավիրայից. ստանայցես զայն քեզ, եւ ածիցես զայն զգլխով քով եւ զմօրուօք. եւ առցես կշիռս եւ կշռեսցես զնոսա։ 2 Զչորրորդ՝՝ մասնն հրով այրեսցես ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. եւ զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. եւ զչորրորդ մասնն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։ 3 Եւ առցես անտի սակաւ ինչ թուով, եւ ծրարեսցես ի մեկնոցի քում։ 4 Եւ դարձեալ առցես անտի եւ ընկեսցես ի մէջ հրոյ, եւ այրեսցես զնոսա ի հուր, եւ անտի ելցէ հուր եւ ասասցես՝՝ ամենայն տանն Իսրայելի. 5 Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Այս այն Երուսաղէմ է զոր եդի ի մէջ հեթանոսաց զդա, եւ որ շուրջ զդովաւ գաւառք։ 6 Զի փոխեցին զիրաւունս իմ ընդ անիրաւութեանն հեթանոսաց, եւ զօրէնս իմ ընդ օրէնս աշխարհացն՝՝ որ շուրջ էին զնովաւ. զի զիրաւունս իմ մերժեցին, եւ յօրէնս իմ ոչ գնացին։ 7 Վասն այսորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Փոխանակ զի պատճառք ձեր յազգացդ են՝՝ որ շուրջ են զձեւք, եւ յօրէնս իմ ոչ գնացէք, եւ զիրաւունս իմ ոչ արարէք, այլ եւ ոչ ըստ իրաւանցն հեթանոսաց՝ որ շուրջ են զձեւք՝ արարէք, 8 վասն այսորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ահաւասիկ ես ի վերայ քո, եւ արարից ի միջի քում դատաստան առաջի ազգացդ։ 9 Եւ արարից ընդ քեզ՝ զոր ոչ երբեք արարի, եւ ոչ այլ եւս նմին նման արարից ըստ ամենայն պղծութեանցն քոց։ 10 Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ի միջի քում, եւ որդիք կերիցեն զհարս. եւ արարից ի քեզ դատաստանս, եւ ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։ 11 Վասն այդորիկ կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, եւ ամենայն պղծալից պաշտամամբքն քովք, եւ ես մերժեցից զքեզ, եւ ոչ խնայեսցէ ի քեզ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց քեզ։ 12 Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։ 13 Եւ կատարեսցի սրտմտութիւն բարկութեան իմոյ՝՝ ի վերայ նոցա, եւ մխիթարեցայց. եւ ծանիցեն զի ես Տէր խօսեցայ նախանձու իմով՝ ի կատարել ինձ զբարկութիւն իմ ի վերայ նոցա։ 14 Եւ եդից զքեզ յանապատ եւ ի նախատինս հեթանոսաց որ շուրջ զքեւ իցեն՝ եւ զդստերս քո շուրջ զքեւ՝՝ առաջի ամենայն անցաւորաց ճանապարհի։ 15 Եւ եղիցես հեծեծելի եւ եղկելի, ծաղր եւ երեւոյթ ի մէջ ազգացն որ շուրջ զքեւ իցեն, յառնել ինձ ի քեզ դատաստանս բարկութեամբ եւ սրտմտութեամբ եւ վրէժխնդրութեամբ ցասման. ես Տէր խօսեցայ։ 16 Ի յարձակել ինձ զչարաչար զնետս իմ սովոյ ի վերայ նոցա, եւ եղիցին ի սատակումն. արձակեցից զայս ի վերայ նոցա՝՝, եւ սով գումարեցից ի վերայ ձեր, եւ խորտակեցից զհաստատութիւն հացի քո։ 17 Եւ առաքեցից ի վերայ քո սով եւ գազանս չարս, եւ պատժեցից զքեզ. եւ մահ եւ արիւն անցցեն ի քեզ, եւ ածից շուրջ զքեւ սուր, զի ես Տէր խօսեցայ։ |