ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԵԿ. 1 Այլ վասն հոգեւորացն, եղբարք, ոչ կամիմ եթէ տգէտք իցէք։ 2 Գիտէք իսկ զի մինչ հեթանոսքն էիք, առ կուռսն անմռունչս որպէս երթայիք, եւ գայիք։ 3 Վասն որոյ ցուցանեմ ձեզ, զի ոչ ոք Հոգւով Աստուծոյ խօսի՝ եւ ասիցէ թէ նզովեալ Յիսուս. եւ ոչ ոք կարէ ասել Տէր զՅիսուս, եթէ ոչ Հոգւովն Սրբով։ 4 Թէպէտ եւ բաժինք շնորհաց են, այլ Հոգի նոյն է։ 5 Եթէ բաժինք պաշտամանց են, այլ Տէր նոյն է։ 6 Եթէ բաժինք յաջողութեանց են, այլ Աստուած նոյն է որ յաջողէ զամենայն յամենայնի։ 7 Բայց իւրաքանչիւր ումեք տուեալ է յայտնութիւն Հոգւոյն՝ առ իւրաքանչիւր օգուտ՝՝։ 8 Ումեմն ի Հոգւոյն տուեալ է բան իմաստութեան. այլում՝ բան գիտութեան ըստ նմին Հոգւոյ. 9 միւսումն հաւատք՝ նովին Հոգւով. այլում շնորհս բժշկութեանց՝ նովին Հոգւով. 10 այլում՝ յաջողութիւնք զօրութեանց, այլում՝ մարգարէութիւն, այլում՝ ընտրութիւն հոգւոց. այլում՝ ազգք լեզուաց, այլում՝ թարգմանութիւն լեզուաց։ 11 Այլ զայս ամենայն յաջողէ մի եւ նոյն Հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր որպէս եւ կամի։ ԵԴ. 12 Որպէս մարմին մի է եւ անդամս բազումս ունի, եւ ամենայն բազում անդամք մարմնոյն մի մարմին է. նոյնպէս եւ Քրիստոս։ 13 Քանզի միով Հոգւով մեք ամենեքեան ի մի մարմին մկրտեցաք, եթէ Հրեայք, եթէ հեթանոսք, եթէ ծառայք, եթէ ազատք, ամենեքին զմի Հոգի արբաք։ 14 Քանզի մարմին ոչ մի անդամ է, այլ բազում։ 15 Եթէ ասիցէ ոտն. Զի չեմ ձեռն, չեմ ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ի մարմնոյ անտի։ 16 Եւ եթէ ասիցէ ունկն. Վասն զի չեմ ակն, չեմ ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ի մարմնոյ անտի։ 17 Եթէ ամենայն մարմինն ակն էր. ո՞ւր էր ունկն. եւ եթէ ամենայն լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք։ 18 Բայց արդ Աստուած եդ զանդամսն, զմի մի իւրաքանչիւր ի նոցանէ ի մարմին, որպէս եւ կամեցաւ։ 19 Ապա թէ էր ամենայն մի անդամ, ո՞ւր էր մարմին։ 20 Բայց արդ անդամք բազումք են, եւ մարմին մի։ 21 Ոչ կարէ ակն ասել ցձեռն, թէ՝ Չես ինձ պիտոյ, եւ կամ դարձեալ գլուխ ցոտսն թէ՝ Չէք ինձ պիտոյ։ 22 Այլ առաւել որ թուին անդամք մարմնոյն թէ տկարագոյնք իցեն, կարեւորք են. 23 եւ որ թուինն թէ անարգագոյնք իցեն մարմնոյն, այնց առաւելագոյն պատիւ առնեմք. եւ ամօթոյքն մեր առաւել եւս պարկեշտութիւն ունին։ 24 Եւ պարկեշտիցն մերոց չէ ինչ պիտոյ. քանզի Աստուած խառնեաց զմարմինն. եւ նուազին առաւել եւս պատիւ ետ. 25 զի մի՛ իցեն հերձուածք ի մարմնի անդ, այլ զի նոյնք զմիմեանց հոգայցեն անդամքն։ 26 Եւ եթէ վշտանայ ինչ մի անդամն, վշտանան ամենայն անդամքն ընդ նմա. եւ եթէ փառաւորի մի անդամն, խնդան ամենայն անդամքն ընդ նմա։ 27 Այլ դուք մարմինք Քրիստոսի էք եւ անդամք յանդամոց նորա՝՝։ ՎՋ 28 Եւ զորս եդն Աստուած յեկեղեցւոջ՝ այս են. նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս, երրորդ զվարդապետս, ապա զօրութիւնս, ապա շնորհս բժշկութեանց, օգնութիւնս, վարիչս, ազգս լեզուաց, թարգմանութիւնս լեզուաց՝՝։ 29 Միթէ ամենեքի՞ն առաքեալք իցեն. միթէ ամենեքի՞ն մարգարէք իցեն. միթէ ամենեքի՞ն վարդապետք իցեն. միթէ ամենեքի՞ն զօրութիւնք իցեն. 30 միթէ ամենեքի՞ն շնորհս բժշկութեան ունիցին. միթէ ամենեքի՞ն ի լեզուս խօսիցին. միթէ ամենեքի՞ն թարգմանիցեն։ 31 Բայց նախանձաւոր լերուք շնորհացն, որ լաւն են. այլ ես առաւել եւս ճանապարհ ցուցանեմ ձեզ։ |