Տերը թող հաստատի այն խոստումը, որ ասաց իմ մասին. “Եթե քո որդիները զգուշավոր լինեն իրենց ընթացքին և իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզնից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։
Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր քո ծառայի՝ իմ հայր Դավթի համար քո ասած այն խոսքը, որ խոսեցիր նրա հետ. “Քեզ համար Իսրայելի աթոռին նստող մարդ չի պակասելու իմ առջև, միայն թե քո որդիներն իրենց ճանապարհը պահեն և իմ առջևից գնան այնպես, ինչպես դու ես գնացել”։
«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։
Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։