15 Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։
Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։
Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ լեռ Սիոնում։ Եվ Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներն այլևս չեն անցնի նրա միջով։
Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։