Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։
Մովսեսն ասաց Հոբաբին, այսինքն՝ մադիանացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի աներն էր. «Մենք շարժվում ենք դեպի այն տեղը, որի մասին Տերն ասում էր, թե՝ “Ձեզ եմ տալու այն”։ Ե՛կ մեզ հետ, և մենք բարիք կանենք քեզ, որովհետև Տերը խոստացել է բարիք անել Իսրայելին»։