«Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։
Պիտի բնաջնջեմ մարդուն և անասունին, պիտի բնաջնջեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները ամբարիշտների հետ. մարդուն պիտի վերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։
Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։
Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները,
Այսպես է ասում Տեր Աստված. «Ես կուռքերին պիտի բնաջնջեմ և ոչնչացնեմ չաստվածներին Մեմփիսում. Եգիպտոսի երկրում այլևս իշխան չպիտի լինի, և ահ պիտի դնեմ Եգիպտոսի երկրում։
Եվ նրա բոլոր կուռքերը պիտի փշրվեն, նրա բոլոր ընծաները կրակով պիտի այրվեն, և նրա բոլոր կուռքերը պիտի ավերեմ, որովհետև պոռնկության վարձով են ձեռք բերվել, ուրեմն որպես պոռնիկի վարձ պիտի գործածվեն։
Ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, Բարձր տեղերը՝ ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները, և փշրվեն ու կործանվեն ձեր կուռքերը. կոտրվեն ձեր խունկի սեղանները, և ձեր գործերը ջնջվեն։
Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։