Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։
Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։
Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։
Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։
«Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ. որպես թագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։
Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ինքս մի ոստ պիտի վերցնեմ եղևինի բարձր գագաթից և տնկեմ. նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշը պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վեհ լեռան վրա։
Եվ կապրեն այն երկրում, որտեղ բնակվել էին ձեր հայրերը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին. իրենք և իրենց որդիները և իրենց որդիների որդիները մինչև հավիտյան այնտեղ կբնակվեն։ Եվ իմ ծառա Դավիթը նրանց համար հավիտյան իշխան կլինի։
Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։
Հիմա լսի՛ր, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշան տրված մարդիկ են, որովհետև ես ահա բերելու եմ իմ ծառային՝ Շառավիղին։