Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։
Եթե մեռաք Քրիստոսի հետ և բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչո՞ւ եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին.
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։