Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։
Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։
Մովսեսն այս օրհներգությունները գրեց այդ օրը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։ Մովսեսը մտավ ժողովրդի մեջ, և ինքն ու Նավեի որդի Հեսուն օրենքի բոլոր խոսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։
Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա։ Եվ Իսրայելի որդիները հնազանդվեցին նրան և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։