Տերը կանխավ ասաց ինձ իմ ամբարշտության մասին, իր ձեռքը գցեց և իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զորությունը տկարացավ։ Տերն ինձ մատնեց իմ ցավերին, ու ես չեմ կարողանում հանդարտվել։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երկաթե լուծ դրեցի այդ բոլոր ազգերի պարանոցին՝ հպատակվելու բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային, և նրանք պիտի ծառայեն նրան. նաև անապատի գազաններին ենթարկեցի նրան»։
Իսկ եթե լինեն ազգեր ու թագավորություններ, որոնք չենթարկվեն բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորին, անմիջապես իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահվամբ պիտի այցելեմ,- ասում է Տերը,- մինչև որ ոչնչացվեն նրա ձեռքով։
Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանվելով պիտի կործանվի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրվեն, ժողովուրդները զուր չարչարվեցին, և ազգերն սկզբից ևեթ պիտի ոչնչանային»։
Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես այդ ազգի դեմ փորձանքներ եմ խորհում, որոնց միջից վեր չեք հանելու ձեր պարանոցները, ո՛չ էլ իսկույն ուղիղ եք գնալու, քանի որ ժամանակը չար է»։
Հուդան մատնվեց գերության, բազում տառապանքների, նեղության, ստրկության ու ծառայության. նա նստեց հեթանոսների մեջ և հանգիստ չգտավ. թշնամական պաշարման մեջ՝ բոլոր հալածիչները նրա վրա հասան։