Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։
Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։
Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։
Նեքավով փարավոնը նրան ձերբակալեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում, և նա այլևս չկարողացավ թագավորել Երուսաղեմում։ Փարավոնը նրան տարավ Եգիպտոս և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։
Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։