ՍՈՓՈՆԻԱ 2 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱպաշխարության հորդոր 1 Հավաքվե՛ք ու ժողովվե՛ք, ո՛վ անամոթ ազգ. 2 դեռ վճիռը չծնած՝ օրը մղեղի պես չանցած, Տիրոջ բորբոքված բարկությունը ձեզ վրա դեռ չեկած, Տիրոջ բարկության օրը ձեզ վրա դեռ չեկած։ 3 Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա կանոնը, արդարությո՛ւն որոնեք, խոնարհությո՛ւն որոնեք, գուցե թաքնվեք Տիրոջ բարկության օրը։ Իսրայելի հարևան ազգերի դատավճիռը 4 Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։ 5 Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ քերեթիների ազգին. Տիրոջ խոսքը ձեր դեմ է, ո՛վ փղշտացիների երկիր՝ ո՛վ Քանան, ես քեզ կործանել եմ, որ բնակիչ չունենաս։ 6 Եվ ծովեզերքը հովիվների գետնափոր արոտավայր կլինի և հոտերի մակաղատեղիներ։ 7 Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։ 8 Լսեցի Մովաբի նախատինքը և Ամմոնի որդիների զազրախոսությունները, որով հոխորտացին իմ ժողովրդի դեմ և գոռոզացան նրանց սահմանի դեմ։ 9 Դրա համար Զորքերի Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Երդվում եմ ինձանով. Մովաբը Սոդոմի պես պիտի դառնա, և Ամմոնի որդիները՝ Գոմորի պես. եղինջների կալվածք ու աղի հանք և հավիտյան ամայություն. իմ ժողովրդի մնացորդը պիտի հափշտակի դրանք և իմ ազգի մնացորդը պիտի ժառանգի դրանք։ 10 Սա նրանց կլինի իրենց ամբարտավանության դիմաց, որովհետև նրանք Զորքերի Տիրոջ ժողովրդին նախատեցին ու մեծամտացան։ 11 Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։ 12 Դուք ևս, ո՛վ եթովպացիներ, իմ սրով պիտի սպանվեք»։ 13 Եվ նա իր ձեռքը մեկնելու է հյուսիսի դեմ և կորցնելու է Ասորեստանին, Նինվեն ամայություն է դարձնելու, չոր երկիր, ինչպես անապատը։ 14 Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։ 15 Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia