ՍԱՂՄՈՍՆԵՐ 97 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված՝ Գերագույն Իշխողը 1 Տերն է թագավորում. երկիրը թող ցնծա, և շատ կղզիներ ուրախ լինեն։ 2 Ամպ ու մառախուղ կա նրա չորս կողմը, արդարությունը և իրավունքը նրա գահի հիմքերն են։ 3 Կրակ է գնում նրա առջևից և այրում է նրա չորս կողմը եղած թշնամիներին։ 4 Նրա փայլակները լուսավորում են աշխարհը. երկիրը տեսնում է և դողում։ 5 Սարերը մոմի պես հալվում են նրա ներկայությունից. ամբողջ երկիրը՝ նրա ներկայությունից։ 6 Երկինքը հռչակում է նրա արդարությունը, և բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը։ 7 Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։ 8 Սիոնը լսում է և ուրախանում, և Հուդայի աղջիկները ցնծում են քո դատավճիռների համար, Տե՛ր. 9 Որովհետև դու, ո՜վ Տեր, Բարձրյալ ես ամբողջ երկրի վրա, շատ բարձրացար բոլոր աստվածներից։ 10 Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. նա պահում է իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ 11 Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար։ 12 Ուրախացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ, և օրհնեցե՛ք նրա սուրբ հիշատակը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia