ՍԱՂՄՈՍՆԵՐ 88 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՕգնության աղերս Երգ. Կորխի որդիների սաղմոս։ Երգողների գլխավորին։ Մախալաթ լեանոթի վրա։ Եզրահեցի Եմանի երգ։ 1 Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերն էլ քո առջև եմ։ 2 Թող իմ աղոթքը գա քո առջև. խոնարհի՛ր քո ականջը իմ աղաղակին, 3 Որովհետև իմ անձը լցվեց չարիքներով, և կյանքս մոտեցավ դժոխքին։ 4 Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի։ 5 Թուլացածի պես եմ մեռելների մեջ, խոցվածների պես եմ, որոնք ընկած են գերեզմանում, և որոնց այլևս չես հիշում, և քո ձեռքով դեն են գցված քո աչքից։ 6 Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ։ 7 Քո ցասումը հաստատվեց ինձ վրա, և քո ալիքներով նեղացրիր ինձ։ (Սելա)։ 8 Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։ 9 Աչքս մթնեց իմ խեղճությունից. Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։ 10 Մի՞թե մեռելների համար պիտի հրաշքներ անես. մի՞թե մահացածները պիտի վեր կենան և գոհանան քեզնից։ (Սելա)։ 11 Մի՞թե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին՝ կորստյան մեջ։ 12 Մի՞թե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները, և քո արդարությունը՝ մոռացության երկրում։ 13 Բայց ես քեզ եմ աղաղակում, ո՜վ Տեր, և իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։ 14 Տե՛ր, ինչո՞ւ ես իմ անձը մերժում, երեսդ ծածկում ես ինձնից։ 15 Ես աղքատ եմ և մեռնում եմ իմ մանկությունից. քո զարհուրանքը քաշեցի, և կտրված է հույսս։ 16 Քո ցասումն իջավ ինձ վրա, քո զարհուրանքները կորցնում են ինձ։ 17 Նրանք ամեն օր ջրի նման շրջապատում են ինձ, միասին պաշարում են ինձ։ 18 Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia