ՍԱՂՄՈՍՆԵՐ 85 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք ազգի բարօրության համար Երգողների գլխավորին։ Կորխի որդիների սաղմոս։ 1 Տե՛ր, դու հավանեցիր քո երկիրը, Հակոբին վերադարձրիր գերությունից։ 2 Ներեցիր քո ժողովրդի անօրենությունը և ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։ (Սելա)։ 3 Հեռացրիր քո ամբողջ ցասումը, կասեցրիր քո բարկության բորբոքումը։ 4 Դեպի մե՛զ դարձիր, ո՛վ մեր փրկության Աստված, և դադարեցրո՛ւ քո բարկությունը, որ թափում ես մեզ վրա։ 5 Մի՞թե հավիտյան պիտի բարկանաս մեզ վրա, քո բարկությունը պիտի երկարաձգե՞ս սերնդեսերունդ։ 6 Մի՞թե չպիտի ետ դառնաս, որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդն ուրախ լինի քեզնով։ 7 Մեզ ցո՛ւյց տուր քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ քո փրկությունը։ 8 Թող լսեմ, թե ինչ պիտի խոսի Տեր Աստվածը. նա իր ժողովրդի և իր սրբերի հետ պիտի խոսի խաղաղության մասին. թող նրանք չվերադառնան անմտության։ 9 Հիրավի, նրա փրկությունը մոտ է իրենից վախեցողներին, որպեսզի փառքը բնակվի մեր երկրում։ 10 Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն իրար, արդարությունն ու խաղաղությունը իրար պիտի համբուրեն։ 11 Ճշմարտությունը պիտի բուսնի երկրից, և արդարությունը երկնքից ցած պիտի նայի։ 12 Տերը բարիք էլ պիտի տա, և մեր երկիրը իր պտուղը պիտի տա։ 13 Արդարությունը պիտի գնա նրա առջևից, և նա իր քայլերը պիտի դնի նրա ճանապարհին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia