Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 84 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Փափագ Աստծու տան նկատմամբ
Երգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Կորխի որդիների սաղմոս։

1 Ինչքա՜ն սիրելի են քո բնակարանները, ո՛վ Զորությունների Տեր։

2 Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։

3 Ծիտն էլ տուն գտավ, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն՝ քո զոհասեղանների մոտ, ո՛վ Զորությունների Տեր, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։

4 Երանի՜ քո տանը բնակվողներին. նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ։ (Սելա)։

5 Երանի՜ այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան։

6 Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ,

7 Նրանք զորությունից զորություն են գնում և Աստծուն երևում են Սիոնի մեջ։

8 Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։

9 Ո՜վ Աստված՝ մեր վահանը, տե՛ս և նայի՛ր քո օծյալի երեսին։

10 Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ. նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։

11 Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։

12 Ո՛վ Զորությունների Տեր, երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ