ՍԱՂՄՈՍՆԵՐ 83 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք թշնամիների պարտության համար Երգ. Ասափի սաղմոս։ 1 Լուռ մի՛ մնա, ո՜վ Աստված, անձայն մի՛ եղիր և դադար մի՛ առ, ո՜վ Աստված։ 2 Ահա գոռում են քո թշնամիները, և քեզ ատողները բարձրացրին իրենց գլուխները։ 3 Խորամանկ հնարքներ են լարում քո ժողովրդի դեմ և խորհուրդ են անում քո պահպանածների դեմ. 4 Ասում են. «Եկեք կորցնենք նրանց, որ ազգ չլինեն, և այլևս չհիշվի Իսրայելի անունը»։ 5 Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ 6 Եդովմի բնակարանները և իսմայելացիները, Մովաբը և հագարացիները, 7 Գեբաղը և Ամոնն ու Ամաղեկը և փղշտացիները՝ Տյուրոսի բնակիչների հետ։ 8 Ասուրն էլ միավորվեց նրանց հետ. օգնում են Ղովտի որդիներին։ (Սելա)։ 9 Նրանց դեմ այնպե՛ս արա, ինչպես Մադիամին, ինչպես Սիսերային, ինչպես Հաբինին՝ Կիսոնի հեղեղատի մոտ։ 10 Նրանք սատկեցին Ենդովրի մոտ, աղբ դարձան երկրի վրա։ 11 Նրանց իշխաններին այնպե՛ս արա, ինչպես Օրեբին և Զեբին, և նրանց բոլոր մեծավորներին, ինչպես Զեբեեին և Սաղմանային, 12 Որոնք ասում են. «Աստծու բնակարանները տիրույթներ դարձնենք մեզ համար»։ 13 Աստվա՛ծ իմ, նրանց փոշու պե՛ս դարձրու և ինչպես դարման՝ քամու առաջ, 14 Ինչպես կրակն այրում է անտառը, և ինչպես բոցը խանձում է լեռները։ 15 Նրանց այնպե՛ս հալածիր քո մրրիկով, քո փոթորիկով զարհուրեցրո՛ւ նրանց։ 16 Նրանց երեսները ծածկի՛ր անարգանքով, որպեսզի փնտրեն քո անունը, ո՜վ Տեր։ 17 Թող ամաչեն և շփոթվեն հավիտյանս հավիտենից և ամոթահար լինեն ու կորչեն. 18 Եվ իմանան, որ դու կաս, որ Տեր է քո անունը. դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia