ՍԱՂՄՈՍՆԵՐ 78 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված և իր ժողովուրդը Ասափի երգ։ 1 Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։ 2 Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ, 3 Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։ 4 Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։ 5 Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, 6 Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։ 7 Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։ 8 Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։ 9 Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան, 10 Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։ 11 Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։ 12 Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։ 13 Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։ 14 Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։ 15 Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։ 16 Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։ 17 Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։ 18 Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։ 19 Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։ 20 Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է հաց էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։ 21 Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա, 22 Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։ 23 Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները, 24 Եվ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։ 25 Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։ 26 Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին. 27 Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ. 28 Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։ 29 Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։ 30 Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր, 31 Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։ 32 Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։ 33 Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։ 34 Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։ 35 Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։ 36 Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։ 37 Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։ 38 Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։ 39 Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։ 40 Քանի անգամ նրան դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։ 41 Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին։ 42 Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց, 43 Երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում։ 44 Եվ արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։ 45 Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։ 46 Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։ 47 Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։ 48 Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։ 49 Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն՝ չարիքների հրեշտակներ ուղարկելով։ 50 Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։ 51 Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։ 52 Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։ 53 Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։ 54 Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։ 55 Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։ 56 Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։ 57 Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։ 58 Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։ 59 Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։ 60 Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։ 61 Գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը՝ թշնամիների ձեռքը։ 62 Իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։ 63 Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։ 64 Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։ 65 Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։ 66 Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։ 67 Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը, 68 Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։ 69 Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։ 70 Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փարախից։ 71 Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։ 72 Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia