ՍԱՂՄՈՍՆԵՐ 76 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված հաղթող է Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Ասափի սաղմոս. երգ։ 1 Աստված հայտնի է Հուդայի մեջ. նրա անունը մեծ է Իսրայելի մեջ։ 2 Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։ 3 Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ (Սելա)։ 4 Դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։ 5 Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով, և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան։ 6 Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։ 7 Դու ահեղ ես, ո՜վ Տեր, ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։ 8 Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է և մնում է լուռ, 9 Երբ Աստված վեր է կենում դատաստան անելու, որպեսզի փրկի երկրի բոլոր խեղճերին։ (Սելա)։ 10 Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։ 11 Ո՛ւխտ դրեք և կատարե՛ք այն ձեր Տեր Աստծու համար. բոլորը, որ նրա չորս կողմում են, թող ընծա բերեն Ահեղին։ 12 Նա կոտրում է իշխանների հոգին և ահավոր է երկրի թագավորների նկատմամբ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia