ՍԱՂՄՈՍՆԵՐ 75 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված՝ Դատավորը Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Ասափի սաղմոս. երգ։ 1 Գոհություն ենք մատուցում քեզ, ո՜վ Աստված, գոհություն. և քո անունը մոտ է. պատմում են քո հրաշքները։ 2 Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։ 3 Երկիրը և նրա բոլոր բնակիչները մաշվեցին. ես պիտի հաստատեմ նրա սյուները։ (Սելա)։ 4 Ասացի հիմարներին. «Հիմարություն մի՛ արեք», և ամբարիշտներին՝ «Եղջյուր մի՛ բարձրացրեք»։ 5 Ձեր եղջյուրը մի՛ բարձրացրեք դեպի վեր, մի՛ խոսեք գոռոզամիտ կերպով։ 6 Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից և ո՛չ էլ անապատից։ 7 Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում։ 8 Որովհետև բաժակ կա Տիրոջ ձեռքին, և եփվում է պղտորությամբ լցված գինին. գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշտները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։ 9 Բայց ես հավիտյան պիտի պատմեմ, սաղմոս պիտի ասեմ Հակոբի Աստծուն։ 10 Ես պիտի փշրեմ ամբարիշտների բոլոր եղջյուրները. արդարների եղջյուրները պիտի բարձրանան։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia