ՍԱՂՄՈՍՆԵՐ 72 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՍողոմոն թագավորի համար աղոթք Սողոմոնի (սաղմոս)։ 1 Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։ 2 Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։ 3 Լեռները խաղաղություն պիտի բուսցնեն ժողովրդի համար, և բլուրները՝ լցվեն արդարությամբ։ 4 Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին. 5 Քեզնից պիտի վախենան, քանի կա արեգակը, և լուսնի առջև՝ ազգից մինչև ազգ։ 6 Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը։ 7 Նրա օրերին արդարը պիտի ծաղկի, և մեծ խաղաղություն պիտի լինի, մինչև այլևս լուսին էլ չլինի։ 8 Ծովից մինչև ծով նա պիտի տիրի և Եփրատ գետից մինչև երկրի ծայրերը։ 9 Նրա առջև պիտի խոնարհվեն անապատում բնակվողները, և նրա թշնամիները փոշի պիտի լիզեն։ 10 Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։ 11 Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։ 12 Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։ 13 Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։ 14 Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։ 15 Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։ 16 Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։ 17 Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռ կա արեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։ 18 Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։ 19 Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։ 20 Վերջացան Հեսսեի որդու՝ Դավթի աղոթքները։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia