ՍԱՂՄՈՍՆԵՐ 7 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք արդարության համար Խոստովանություն Դավթի, որ երգեց Տիրոջը՝ Բենիամինի որդի Քուշի խոսքերի համար։ 1 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ, 2 Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։ 3 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, եթե այս վատ բանն եմ արել, եթե անիրավություն կա իմ ձեռքերի մեջ, 4 Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին, 5 Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։ 6 Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։ 7 Ազգերի ժողովը թող շրջապատի քեզ, և նրանց վրա իշխի՛ր բարձունքներից։ 8 Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։ 9 Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։ 10 Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։ 11 Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա. 12 Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել, 13 Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։ 14 Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։ 15 Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։ 16 Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։ 17 Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia