ՍԱՂՄՈՍՆԵՐ 63 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՓափագ Աստծու հանդեպ Դավթի սաղմոս, երբ նա Հուդայի անապատում էր։ 1 Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ 2 Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ, 3 Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ 4 Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։ 5 Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։ 6 Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։ 7 Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։ 8 Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։ 9 Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը. 10 Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։ 11 Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա, պիտի պարծենան բոլոր նրանք, որ երդվել են նրանով, որովհետև պիտի փակվի սուտ խոսողների բերանը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia