ՍԱՂՄՈՍՆԵՐ 60 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՓրկության աղոթք Երգողների գլխավորին։ Շուշան-Էդութի վրա։ Դավթի երգ, սովորեցնելու համար. երբ նա պատերազմեց Միջագետքի ասորիների և Զոպայի ասորիների դեմ, և երբ Հովաբը Եդովմից վերադարձավ և տասներկու հազար մարդու կոտորեց Աղի ձորում։ 1 Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։ 2 Դու դողացրիր երկիրը և պատռեցիր այն. բժշկի՛ր նրա կոտրած տեղերը, որովհետև երերում է։ 3 Խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին. մեզ թմրության գինի խմել տվեցիր։ 4 Բայց քեզնից վախեցողներին դրոշակ տվեցիր, որ բարձրացնեն ճշմարտության համար, (Սելա)։ 5 Որ քո սիրելիներն ապրեն. թող փրկի քո աջը, և լսի՛ր ինձ։ 6 Աստված խոսեց իր սուրբ տեղից. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։ 7 Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն, և Եփրեմն իմ գլխի զորությունն է, և Հուդան՝ իմ գավազանը։ 8 Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, ո՛վ փղշտացիների երկիր, ցնծա՛ ինձ համար»։ 9 Ո՞վ ինձ պիտի տանի ամուր քաղաք, ո՞վ ինձ պիտի առաջնորդի մինչև Եդովմ։ 10 Ո՞չ արդարև դու, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքի հետ, ո՜վ Աստված։ 11 Նեղության մեջ տո՛ւր մեզ քո օգնությունը, որովհետև փուչ է մարդու օգնությունը։ 12 Մենք Աստծով զորություն պիտի գործենք, և նա ոտնակոխ պիտի անի մեր թշնամիներին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia