ՍԱՂՄՈՍՆԵՐ 59 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱպահովության աղոթք Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Դավթի երգ. երբ Սավուղը մարդիկ ուղարկեց, և նրա տունը պաշարեցին, որ նրան սպանեն։ 1 Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, Աստվա՛ծ իմ, ապրեցրո՛ւ ինձ նրանցից, որ կանգնել են իմ դեմ։ 2 Փրկի՛ր ինձ անօրենություն գործողներից և արյունահեղ մարդկանցից ազատի՛ր ինձ. 3 Որովհետև ահա թաքուն սպասում են, որ բռնեն ինձ. զորեղները հավաքվում են իմ դեմ, բայց ես ո՛չ անօրենություն եմ գործել և ո՛չ էլ մեղք, ո՜վ Տեր։ 4 Անօրենություն չեմ գործել, բայց վազում են ինձ վրա և պատրաստվում. զարթնի՛ր, որ առջևս գաս, և տե՛ս։ 5 Իսկ դու, ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, Իսրայելի՛ Աստված, վե՛ր կաց, որ այցելես բոլոր հեթանոսներին. և մի՛ ողորմիր ոչ մեկի, որ անօրենություն է գործում։ (Սելա)։ 6 Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում են քաղաքում։ 7 Ահա վայրահաչ խոսում են իրենց բերանով. սրեր կան նրանց շրթունքների մեջ, որովհետև ասում են. «Ո՞վ պիտի լսի»։ 8 Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրես այդ բոլոր հեթանոսներին։ 9 Ո՛վ իմ զորություն, ես քեզ եմ նայում, որովհետև Աստված է իմ ապավենը։ 10 Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։ 11 Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա. ցիր ու ցա՛ն արա նրանց քո զորությամբ և ցա՛ծ գցիր նրանց, ո՜վ Տեր՝ մեր վահանը։ 12 Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։ 13 Բարկությամբ սատկեցրո՛ւ նրանց, սատկեցրո՛ւ, որ չքանան և գիտենան, որ Աստված տիրում է Հակոբի երկրին՝ մինչև նրա ծայրերը։ 14 Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում քաղաքում։ 15 Նրանք թափառում են ուտելու համար. և եթե չեն կշտանում, տրտնջում են։ 16 Բայց ես պիտի օրհնեմ քո զորությունը և առավոտից պիտի փառաբանեմ քո ողորմությունը, որովհետև դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։ 17 Ո՛վ իմ զորություն, քեզ սաղմոս պիտի երգեմ, որովհետև, ո՜վ Աստված, դու ես իմ պահապանը և իմ ողորմության Աստվածը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia