ՍԱՂՄՈՍՆԵՐ 57 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՕգնության աղոթք Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Դավթի երգ. երբ նա փախել էր Սավուղից և քարայրում էր։ 1 Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։ 2 Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։ 3 Նա երկնքից օգնություն կուղարկի և կփրկի ինձ. նա ամոթահար կանի նրան, ով ուզում է կուլ տալ ինձ։ (Սելա)։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը։ 4 Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։ 5 Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, թող քո փառքը լինի ամբողջ երկրի վրա։ 6 Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհված էր. փոս փորեցին իմ առջև, և իրենք ընկան մեջը։ (Սելա)։ 7 Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։ 8 Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան, 9 Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ. սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ, 10 Որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։ 11 Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա. քո փառքը թող լինի ամբողջ երկրի վրա։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia