ՍԱՂՄՈՍՆԵՐ 53 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՄարդկանց անզգամությունը Երգողների գլխավորին։ Մախալաթի վրա։ Դավթի երգ։ 1 Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։ 2 Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա՞ արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։ 3 Բոլորը հետ քաշվեցին և միասին անպիտան դարձան. բարին գործող չկա, մեկ հոգի էլ չկա։ 4 Մի՞թե անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Աստծուն։ 5 Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց։ 6 Երանի՜ Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ Աստված իր ժողովրդին վերադարձնի գերությունից, այն ժամանակ Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia