ՍԱՂՄՈՍՆԵՐ 48 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՍիոն. Աստծու քաղաքը Երգ. Կորխի որդիների սաղմոս։ 1 Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։ 2 Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։ 3 Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։ 4 Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։ 5 Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։ 6 Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։ 7 Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։ 8 Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։ 9 Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։ 10 Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։ 11 Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։ 12 Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։ 13 Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է, 14 Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia