ՍԱՂՄՈՍՆԵՐ 46 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստված մեզ հետ է Երգողների գլխավորին։ Կորխի որդիներին։ Ալամոթով երգ։ 1 Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ 2 Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ 3 Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)։ 4 Բայց գետն իր առուներով կուրախացնի Աստծու քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակարանները։ 5 Աստված նրա մեջ է. նա չի սասանվի. Աստված կօգնի նրան վաղ առավոտից։ 6 Հեթանոսները խռովվեցին, և թագավորությունները շարժվեցին. նա ձայն տվեց, և երկիրը հալվեց։ 7 Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։ 8 Եկե՛ք և տեսե՛ք Տիրոջ գործերը, որ ավերներ է անում երկրի վրա, 9 Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։ 10 Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։ 11 Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia