Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 45 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Թագավորական հարսանիքի երգ
Երգողների գլխավորին։ Շոշանիմով։ Կորխի որդիներին։ Քերթված. սիրո երգ։

1 Իմ սրտից բարի խոսք է բխում. ես ասում եմ՝ իմ քերթվածը թագավորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչ է։

2 Դու գեղեցկագույնն ես մարդկանց որդիներից. քո շրթունքների վրա շնորհք է թափված. դրա համար էլ Աստված քեզ օրհնեց հավիտյան։

3 Սուրդ կապի՛ր մեջքիդ, ո՛վ Հզոր. նա է քո պատիվը և քո փառքը։

4 Հաջողությա՛ն հասիր քո փառավորությամբ և ձի՛ հեծիր ճշմարտության ու հեզության և արդարության համար, և թող քո աջ ձեռքը քեզ ահավոր բաներ սովորեցնի։

5 Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։

6 Ո՜վ Աստված, քո աթոռը կա հավիտենից հավիտյան. քո թագավորության գավազանն ուղիղ գավազան է։

7 Դու սիրում ես արդարությունը և ատում ես անօրենությունը. դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ օծեց ուրախության յուղով քո ընկերներից ավելի։

8 Քո հանդերձներն ամբողջովին զմուռս են ու հալվե և կասիա. փղոսկրյա պալատներից նվագարաններով ուրախացնում են քեզ։

9 Թագավորների աղջիկները քո պատվականների մեջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը՝ Ոփիրի ազնիվ ոսկով զարդարված։

10 Լսի՛ր, ո՛վ աղջիկ, և տե՛ս. խոնարհեցրո՛ւ քո ականջը. մոռացի՛ր քո ժողովրդին և քո տունը։

11 Թագավորը կցանկանա քո գեղեցկությունը, որովհետև նա է քո տերը. երկրպագությո՛ւն արա նրան։

12 Տյուրոսի աղջիկը կներկայանա ընծայով. ժողովրդի հարուստները կխնդրեն քո երեսը տեսնել։

13 Թագավորի աղջիկը ամբողջովին փառավոր է ներսից. ոսկեհուռ է նրա հանդերձանքը։

14 Զարդարանքով պաճուճված ներս կտարվի թագավորի մոտ. նրա ետևից եկող կույս ընկերուհիները ներս կբերվեն քեզ մոտ։

15 Ներս կտարվեն ուրախությամբ և ցնծությամբ, և կմտնեն թագավորի պալատը։

16 Քո հայրերի փոխարեն քո որդիները կլինեն, և նրանց իշխաններ կդնես ողջ երկրի վրա։

17 Ես կհիշեմ քո անունը ազգից մինչև ազգ. դրա համար էլ ժողովուրդները կփառավորեն քեզ հավիտյանս հավիտենից։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ