ՍԱՂՄՈՍՆԵՐ 44 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք պաշտպանության համար Երգողների գլխավորին։ Կորխի որդիների երգ։ 1 Ո՜վ Աստված, մեր ականջներով լսեցինք. մեր հայրերը մեզ պատմեցին այն գործերի մասին, որ դու կատարեցիր նրանց օրերին՝ այն հին ժամանակներում։ 2 Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց։ 3 Որովհետև ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց։ 4 Դու ես իմ թագավորը, ո՜վ Աստված, որ հրամայեցիր Հակոբի փրկությունը։ 5 Քեզնով գետին գցեցինք մեր թշնամիներին, քո անունով ոտնակոխ արեցինք մեր դեմ վեր ելնողներին, 6 Որովհետև ես հույսս չեմ դրել իմ աղեղի վրա, և ինձ իմ սուրը չի փրկում, 7 Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներից և մեզ ատողներին ամոթահար անում։ 8 Ամեն օր պարծենանք Աստծով և հավիտյան գոհություն մատուցենք քո անվանը։ (Սելա)։ 9 Բայց մերժեցիր և ամոթահար արեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ։ 10 Դու մեզ ետ ես դարձնում թշնամուց, և մեզ ատողները հափշտակում են մեզ իրենց համար։ 11 Դու արեցիր, որ մենք ոչխարի պես կերակուր դառնանք, և ցրեցիր մեզ հեթանոսների մեջ։ 12 Քո ժողովրդին ծախեցիր չնչին գնով և նրանց գնով չհարստացար։ 13 Դու մեզ նախատինք դարձրիր մեր հարևանների առջև, ծաղր ու խայտառակություն՝ մեր չորս կողմը գտնվողների առջև։ 14 Դու մեզ առակ ես դարձնում հեթանոսների մեջ և գլուխն օրորելու պատճառ՝ ազգերի մեջ։ 15 Ամեն օր իմ նախատինքն իմ առաջ է, և իմ երեսի ամոթը ծածկում է ինձ 16 Նախատողի և հայհոյողի ձայնից, թշնամու և վրեժխնդրի երեսից։ 17 Այս ամենը եկավ մեզ վրա, և քեզ չմոռացանք ու չքանդեցինք քո ուխտը։ 18 Մեր սիրտը ետ չդարձավ, և մեր ընթացքը չշեղվեց քո ճանապարհից, 19 Թեև փշրեցիր մեզ տաժանքի տեղում և մահվան ստվերով ծածկեցիր մեզ։ 20 Եթե մոռացած լինեինք մեր Աստծու անունը և մեր ձեռքերը մեկնած լինեինք օտար աստծուն, 21 Չէ՞ որ Աստված կքններ այդ բանը, որովհետև նա գիտի սրտի գաղտնիքները։ 22 Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար և մորթվելու ոչխարի պես ենք համարվում։ 23 Զարթնի՛ր, ո՜վ Տեր, ինչո՞ւ ես քնած, վե՛ր կաց, իսպառ դեն մի՛ գցիր մեզ։ 24 Ինչո՞ւ ես թաքցնում քո երեսը և մոռանում մեր խեղճությունն ու նեղությունը։ 25 Որովհետև մեր անձը մինչև հողը ցած իջավ, և մեր փորը կպավ գետնին։ 26 Վե՛ր կաց, մեզ օգնությա՛ն եկ և փրկի՛ր մեզ հանուն քո ողորմության։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia