ՍԱՂՄՈՍՆԵՐ 42 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՏարագրի աղոթք Երգողների գլխավորին։ Կորխի որդիների երգ։ 1 Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։ 2 Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ նրա առջև։ 3 Իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար, որովհետև ինձ ամեն օր ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»։ 4 Այս բաները ես հիշում և հոգիս հեղում եմ ինձանում, որ բազմության հետ անցնեմ ու նրանց հետ գնամ մինչև Աստծու տուն. տոնահանդես անող ամբոխի հետ՝ օրհնության և գովասանության ձայնով։ 5 Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և խռովված ես ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ 6 Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից։ 7 Անդունդն անդունդին կանչում է քո հորձանքների ձայնով. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցնում են իմ վրայով։ 8 Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերն օրհնություն կլինի ինձ հետ. աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։ 9 Աստծուն ասում եմ. «Ո՛վ իմ Վեմ, ինչո՞ւ մոռացար ինձ, ինչո՞ւ ես սգավոր գնամ՝ թշնամուց տանջված»։ 10 Իմ ոսկորները փշրվելիս էլ իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք են տալիս և ամեն օր ինձ ասում. «Ո՞ւր է քո Աստվածը»։ 11 Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia